Հայկական կցուրդը և Հյուսիսային Եվրոպայի ամենահին օրհներգը

Բևեռափայլը Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկի վրա, իսկ արտացոլումը ծովախորշի մակերեսինԲևեռափայլը Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկի վրա, իսկ արտացոլումը ծովախորշի մակերեսին
Բևեռափայլը Ռեյկյավիկի վրա տարածում է իր երգը

Եկեք համեմատենք Հայ եկեղեցու երգեցողության հիմնական տիպերից մեկը՝ կցուրդը, և Իսլանդիայի բազմադարյան օրհներգը, որը Հյուսիսային Եվրոպայի ամենահին օրհներգն է համարվում:
Հարգելի ընթերցողնե՛ր, մինչ ծանոթանալը մեր նյութում տեղ գտած պարզաբանումներին, թույլ տվեք ձեզ հրամցնել Իսլանդիայի հին օրհներգի մեր կողմից ընտրված երեք տարբեր կատարումներ, իսկ թե տեսանյութերից որը կլինի ձեր նախընտրելի տարբերակը, մենք կիմանանք հետադարձ կապի միջոցով, դե իսկ անակնկալներն իրենց երկար սպասել չեն տա...

«Լսիր, Երկնային Դարբին» (Heyr himna smiður) երգը շատ հետաքրքիր նախապատմություն ունի, ինչը մեծ սիրով կներկայացնենք ձեզ ստորև, անմիջապես տեսանյութը դիտելուց հետո...
Ի դեպ, երգը ձայնագրվել է 2016 թվականի դեկտեմբերի 31-ին Իսլանդիայի Սնաէֆելսնես թերակղզու «Sönghellir» քարանձավում, որի անունը իսլանդերենից թարգմանաբար նշանակում է «երգերի անձավ»: Այն կատարում են Գուդյոն Ստեֆանսոնը, Յոնաս Հելգասոնը, Արնար Ռիչարդսոնը և Մարթեյն Սնաէվարը:

«Լսիր, Երկնային Դարբին» երգի բառերը գրվել են XIII դարում, Հյուսիսային Իսլանդիայում Ասբիրնինգարների տոհմի առաջնորդ, միևնույն ժամանակ և պոետ, հռչակավոր Քոլբեյն Թումասոնի կողմից, կղզում քրիստոնեության հաստատման, կաթոլիկ եկեղեցու դիրքերի ամրապնդման ջատագովների և նրանց ըմբոստ ընդիմախոսների շարունակական պայքարի ժամանակաշրջանում: Վտանգներով ու ահավիրքներով լի այդ դաժան տարիներում վիկինգների հետնորդների մոտ արմատավորված ինքնատիպ հեթանոսության հետքերը դեռ հիմնովին չէին վերացել, իսկ նոր ձևավորվող համաքրիստոնեական գաղափարներն ու զգացումները թևածում էին բևեռափայլի դյութիչ ճաճանչներով տոգորված երկնքում: Քոլբեյն Թումասոնի տոհմի և նրա երբեմնի խնամի, կաթոլիկ եպիսկոպոս Գունդմունդուր Արասոնին հարող ուժերի մեջ սկիզբ առած մենամարտերից մեկը տեղի է ունեցել Վիդինսում 1208 թվականի սեպտեմբերի 9-ին: Այդ մարտում տաղանդավոր ցեղապետ Թումասոնը կնքում է իր մահականացուն՝ քարի վրա թողնելով ջարդված գլուխը, բայց մինչ այդ հասցնում է արտասանել այս չքնաղ երգի հռչակավոր բառերը, որը մեծ խնամքով թղթին են հանձնում և մեզ հասցնում նրա հետնորդները: Երաժշտությունը մշակել է և իր ավարտուն իրավիճակին է բերել Թորքել Սիգուրբյորնսսոնը՝ Քոլբեյն Թումասոնի մահվանից 700 տարի անց միայն: Շատերի կարծիքով դա Իսլանդիայի արժանի զավակ, մեծ հայրենասեր Սիգվալդի Քալդալոնսի շնորհիվ ազգային երաժշտությունները գրի առնելու արդյունքում պահպանված երգի մշակման հետևանքն է:
Երգի հմայիչ հնչյուններն ու բառերը, որոնք մեզ հիշեցնում են մեր շարականները, գերում են բազմաթիվ երգչախմբերի և նրանք իրենց երգացանկերում ընդգրկում են այն: Ստորև՝ նյութում, կներկայացնենք իսլանդերենից հայերեն թարգմանված օրհներգի բառերը, իսկ մինչ այդ եկեք միասին վայելենք երկրորդ տեսանյութը: Այն կատարում է Ֆարերյան կղզիների չքնաղ երգչուհի Էլվիոր Փալսդոթիրը 2015 թվականին Բերգենում անցկացվող Սուրբ Ծննդյան տոնախմբությանը նվիրված համերգի ժամանակ:

Եվ ահա, եկավ ժամը, երբ պետք է փորձենք զուգահեռներ անցկացնել Հայ եկեղեցու երգեցողության հիմնական տիպերից մեկ՝ կցուրդի, և Իսլանդիայի բազմադարյան օրհներգի միջև, բայց մինչ այդ թույլ տվեք ձեզ ներկայացնել Քոլբեյն Թումասոնի բանստեղծության իսլանդերենից արևելահայերեն թարգմանված տեքստն ամբողջովին: Այն թարգմանել է Հակոբ (Էնկի) Սարգսյանը:

Ո՛վ Երկնային Դարբին, լսի´ր,
Քո պոետի աղերսն անեղծ,
Ուշիկ ու հեզ ինձ մոտ արի,
Օ՜, ողորմած Երկնային Տե՛ր:
Քեզ իմ երդման խոսքն եմ ասում,
Քանզի Դու ես ինձ արարել,
Քո ծառան եմ ինձ համարում,
Եղիր ինձ Տե՛ր ու Վեհապե՛տ:

Օ՜, Աստված իմ, աղերսում եմ,
Տուր ինձ եռա՛նդ, կյանքի կոչի´ր,
Արդ իմացիր, բարեգութ Տե´ր,
Շնորհիդ ենք կարոտ ընդմի՛շտ:
Ո՜վ տիրակալ մեր Արե՜ւի,
Ո՜վ լիաձե՛ռն ու փառապա՛նծ,
Վանի՛ր ամեն տրտմությունի՛ց,
Որ կրում ենք մեր սրտի տակ:

Բարեգութ Տե´ր, շնորհդ մեզ բե՛ր,
Զի կարիքդ մենք միշտ ունենք,
Ամեն մի ժամ, ամեն րոպե
Հողագործի արտին տուր բե՛րք:
Ո՜վ Կույսածին, մեզ ուղարկի´ր
Այն ամենն ինչ լավ է, Բա՛րի,
Ու թող ամեն Քո օգնություն
մեր սրտերում ծլարձակի:

Կցուրդները փոքրածավալ պարզագույն սաղմոսատիպ երգեր են, շարականներ, մարգարեական օրհներգեր, որոնք ծավալվում են այսպես կոչված «խիստ ոճի» օրենքներով, ութձայն համակարգի կիրառությամբ: Հայկական կցուրդները դեռ վաղ միջնադարում իրենց ուրույն տեղն են ամրագրել Հայ եկեղեցու երգեցողության հիմնական տիպերի շարքում և այդ հոգևոր նորաստեղծ երգերն են, որ հետագայում վերածվել են շարականների և պատմականորեն կարճ ժամանակամիջոցում տարածվել Հայկական Լեռնաշխարհում, իսկ հետագայում՝ ամբողջ աշխարհում: Կցուրդների անդրանիկ հեղինակներ են համարվում Մեսրոպ Մաշտոցն ու Սահակ Պարթևը: Ութձայն համակարգի մասին ծավալուն տեղեկություններ կգտնեք հայ երաժշտական գրականության էջերում:
Դե իսկ «Լսիր, Երկնային Դարբին» իսլանդական հին օրհներգի ութձայն կատարումը ներկայացնելով կսպասենք ձեր արձագանքներին: Ձեզ ներկայացվող երրորդ տեսանյութը բրիտանական «VOCES8» երգչախմբի փայլուն կատարմամբ 2021 թվականին թողարկված «Հավերժություն» ալբոմից է: Բարի վայելում.

Մեզ մնում է ավելացնել, որ Իսլանդիայի «Օ՜, Աստված իմ երկրի» վերնագիրը կրող այժմյան օրհներգի և դրան նախորդող միջանկյալ օրհներգի մասին ձեզ կպատմենք հաջորդիվ...

Էանում ենք երազելով...

Les flere artikler om den skandinaviske verden

Բևեռափայլը Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկի վրա, իսկ արտացոլումը ծովախորշի մակերեսինԲևեռափայլը Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկի վրա, իսկ արտացոլումը ծովախորշի մակերեսին

Տեքստի հեղինակ

Հակոբ Սարգսյան
TwitterFacebookYoutube

Գրական թարգմանիչ սկանդինավյան լեզուներից հայերեն և հայերենից նորվեգերեն, գրող, բլոգեր և ճանապարհորդ:

Կարդացեք նաև

Պատկերված են Ավ. Իսահակյանի հատորները, Ավագ Էդդա և Նիբելունգների երգը գրքերըՊատկերված են Ավ. Իսահակյանի հատորները, Ավագ Էդդա և Նիբելունգների երգը գրքերը

Ավետիք Իսահակյանը և Սկոնիայի գուսանները

Ավետիք Իսահակյանը իր գրական գործունեության ամբողջ ընթացքում արժևորել և կարևորել է հյուսիսային աշխարհի էպոսներ «Ավագ Էդդան», «Նիբելունգների երգը» և «Կալեվալան»: